Եվրանեսթ ԽՎ աշխատանքը դադարեցվել է. Բրյուսելում գտնվող հայ պատգամավորները ելք են փնտրում Երևան վերադառնալու. Կարինե Աճեմյան
Բրյուսելում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովին մասնակցող հայկական պատգամավորական պատվիրակությունը ճանապարհներ է փնտրում՝ Հայաստան վերադառնալու: Tert.am-ի հետ զրույցում ԽՎ հայկական պատվիրակության անդամ Կարինե Աճեմյանն ասաց, որ լիագումար նիստի այսօրվա աշխատանքները դադարեցվել են, ուստի իրենք որոշել են վերադառնալ Հայաստան:
Պատգամավորի խոսքով՝ Եվրանեսթ ԽՎ երեկվա նիստում քննարկվել են ամենակարևոր հարցերը, ընդունել են չորս հանձնաժողովներում շրջանառվող զեկույցները՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական ոլորտների վերաբերյալ և ըստ էության ավարտել են հիմնական աշխատանքը:
«Այսօր ունեինք երկու հարց քննարկելու, բայց որոշվեց, որ աշխատանքային չլինի, աշխատանքները դադարեցվեն: Հիմա մենք ելքեր ենք փնտրում՝ Հայաստան վերադառնալու: Գիտեք, որ Բրյուսելի օդանավակայանը փակ է: Քննարկում ենք Ամստերդամով վերադառնալու ճանապարհը, եթե իհարկե կարողանանք տոմսեր գտնել, որովհետև Բրյուսելից հիմա շատերն են փորձում դուրս գալ»,- փոխանցեց Աճեմյանը:
Պատգամավորը պատմեց նաև, որ Բրյուսելի փողոցներում անվտանգության խիստ միջոցառումներ են իրականացվում, ոստիկանությունը զինված պտտվում է, խանութները հիմնականում փակ են, բացառությամբ՝ դեղատների:
«Մենք աշխատում ենք դուրս չգալ հյուրանոցից, մեր պատվիրակությունն այդպես որոշեց, բայց այն ինչ տեսել ենք՝ առաջին օրվա հետ համեմատ բավական ստաբիլիզացվել է: Առաջին օրը մարդիկ շատ վախեցած էին, անհանգստացած: Մետրոն մեր հյուրանոցին մոտ է»,– ասաց նա:
Պատգամավորը վստահեցրեց նաև, որ հայկական պատվիրակությունը վախեցած չէ, որովհետև ի տարբերություն եվրոպացիների ապրում է լարված տարածաշրջանում, որտեղ հակառակորդի գնդակից մարդիկ են զոհվում:
Վահե Էնֆիաջյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե այս պահին Ազգային ժողովի աշխատակազմը քայլեր է ձեռնարկում՝ պատվիրակությանը Բրյուսելից դուրս բերելու ուղղությամբ: Քննարկվում են Դրյուսելդորֆից, Ամստերդամից Երևան թռչելու ճանապարհները:
«ԱԺ աշխատակազմը փորձում է հնարավորինս օպտիմալ լուծում գտնել, որ հասնենք Երևան, որովհետև գիտեք, որ Բելգիայի օդանավակայանը անորոշ ժամանակահատվածով փակ է: որովհետև Բելգիայի օդանավակայանը այս պահին անորոշ ժամանակով փակ է»,- նշեց պատգամավորը:
Էնֆիաջյանի խոսքով՝ Եվրանեսթ ԽՎ լիագումար նիստը, որը թեև դադարեցվել է, բավական արդյունավետ է եղել, ինչքանով հնարավոր էր՝ այս օրակարգով բավական դրական գործունեություն է ծավալվել:
Պատգամավորի փոխանցմամբ՝ քաղաքում մթնոլորտը լարված է, փողոցները շարունակում են պարալիզացված մնալ, հսկվում են հասարակական, հանրային նշանակության բոլոր վայրերը, քաղաքում ռազմական տեխնիկա կա, համազգեստով իրավապահներ: Նրա խոսքով՝ փակ են նաև բոլոր սրճարանները, ռեստորանները, պետական, մասնավոր կառույցները:
Էնֆիաջյանն ասաց, որ անվտանգությունից ելնելով իրենց հորդորել են հյուրանոցից դուրս չգալ: «Բոլորին են ասել հիմնականում տանը մնալ, հատկապես խուսափել այցելելուց այն վայրերը, որտեղ կարող են մարդկային կուտակումներ լինել»,- պատմեց պատգամավորը:










