ԵԱՀԿ-ն կոչ է անում ՌԴ-ին անհապաղ ազատ արձակել ուկրաինուհի զինծառայող Նադեժդա Սավչենկոյին
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մայքլ Ջորջ Լինքը ՌԴ իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյին:
Նրա խոսքով` Սավչենկոյի ազատ արձակումը մեծ մարդասիրական նշանակություն կունենա` հաշվի առնելով նրա առողջական խնդիրները, և վստահություն կհաղորդի Ուկրաինայի երկամյա ճգնաժամի լուծմանն ուղղված խաղաղ գործընթացին:
BBC-ի հաղորդմամբ` նա նաև նշել է, որ ԵԱՀԿ աշխատակիցներին թույլ չեն տվել այցելել Սավչենկոյին և պաշտոնապես հետևել դատավարության ընթացքին:
Հիշեցնենք, որ ՌԴ Դոնեցկի շրջանի քաղաքային դատարանի կայացրած որոշման համաձայն` Սավչենկոն 22 տարվա ազատազրկման է դատապարտվել` Դոնբասում ռուս լրագրողների սպանության հրաման արձակելու մեղադրանքով:










