Փարիզի ահաբեկչությունների գործով ավելի քան 30 մարդ է անցնում. Ֆրանսիայի վարչապետ
Ավելի քան 30 մարդ է անցնում 2015 թվականի նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչությունների գործով, որոնց հետևանքով 130 մարդ է զոհվել: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Այսօրվա դրությամբ պարզվել է ավելի քան 30 անձանց ինքնությունը, ովքեր կապված են եղել Փարիզի ահաբեկչությունների հետ… Նրանցից 11-ը մահացել են, 12-ը բանտերում են, մյուսները հետախուզվում են»,- ասել է Վալսը:
Նա նաև հայտնել է, որ «հետաքննությունը ցույց կտա», թե արդյոք այդ մարդիկ կապ ունեն Բրյուսելում երեքշաբթի օրը տեղի ունեցած ահաբեկչությունների հետ:
Հիշեցնենք, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում հարձակումներ իրականացրած երկու մահապարտ ահաբեկիչները եղբայրներ Խալիդ և Իբրահիմ Էլ Բաքրաուիներն են՝ Բրյուսելի բնակիչներ, որոնք հայտնի են եղել ոստիկանությանը հանցագործությունների առնչությամբ: Բելգիայի ոստիկանությունը պարզել է նաև ահաբեկչության երրորդ մասնակցի ինքնությունը, ով փախել է օդանավակայանից՝ պայթյունից անմիջապես հետո: Պարզվել է, որ տեսախցիկներում հայտնված տղամարդը Նաջիմ Լաաշրաուին է, ով հավանաբար եղել է Փարիզի ահաբեկչությունների համար ռումբեր պատրաստողը:
Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է 31 մարդ, ավելի քան 250-ը ստացել են վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:










