Թուրքիայում ձերբակալվել են Գերմանիայի ներկայացուցչությունների դեմ ահաբեկչություն պլանավորած ԻՊ-ի զինյալները
Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանն ու գերմանական դպրոցը թիրախ դարձրած «Իսլամական պետության» ահաբեկիչները ձերբակալվել են, հայտնում է թուրքական Sozcu պարբերականը։
Թուրքական իշխանությունները Ստամբուլում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երեք զինյալների, որոնք կասկածվում են Թուրքիայում Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ հարձակում պլանավորելու համար։
Գերմանիայի արտգործնախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարայում Գերմանիայի դեսպանատունը, Ստամբուլում գլխավոր հյուպատոսությունն ու գերմանական դպրոցները փակվել են՝ ահաբեկչական հարձակման սպառնալիքի պատճառով։
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը հայտարարել էր, որ գերմանական հատուկ ծառայությունները տեղեկություն են ստացել, որ Թուրքիայում գերմանական ներկայացուցչությունների դեմ գործողություն է կազմակերպվում։
Ձերբակալվել են Թուրքիայի քաղաքացի Մուհամմեդ Նասը, Իրաքի քաղաքացի Իբրահիմ Հանեմ Ալշալևեյն ու Սիրիայի քաղաքացի Ալի ալ Ֆարաչը։
Նրանք տեղափոխվել են Ստամբուլի անվտանգության վարչություն և հարցաքննվել են։
Ձերբակալվածներից մեկը եղել է մահապարտ։ Նրանք ձերբակալվել են երկու տարբեր հասցեներում իրականացված համաժամանակյա գործողության արդյունքում։










