ԶԼՄ-ները հրապարակել են Բելգիայում որոնվող ահաբեկչի ֆոտոռոբոտը
Բելգիական La Derniere Heure թերթը հրապարակել է Բրյուսելի մետրոյի «Մալբեկ» կայարանում ահաբեկչության երկրորդ մասնակցի ֆոտոռոբոտը։ Հաղորդվում է, որ որոնվող հանցագործն ուղեկցել է մահապարտ Խալիդ էլ Բաքրաուիին։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բելգիայի ոստիկանությունը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել: Հանցագործը հայտնվել է տեսահսկման համակարգի տեսախցիկներում՝ ձեռքին մեծ պարկով:
Հիշեցնենք, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է 32 մարդ, ևս 250-ը ստացել են վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:










