Գեղամ Գրիգորյանն անփոխարինելի էր, թեև ասում են, որ անփոխարինելի մարդիկ չկան. Հասմիկ Պողոսյան (տեսանյութ)
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ հայ օպերային երգիչ (տենոր), բեմադրիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը:
Ներկա էին Գեղամ Գրիգորյանի ընտանիքի անդամները, հարազատները, գործընկերները, ընկերները: Ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց, որ Գեղամ Գրիգորյանն անփոխարինելի էր, թեև ասում են, որ անփոխարինելի մարդիկ չկան:
«Ամեն տաղանդավոր հանճարեղ մարդ ծնվում է իր առանձնահատկություններով, իր երանգով: Նրա գեղեցիկ տենոր ձայնը համաշխարհային էր: Ինչ-որ չափով ինչ-որ մի բան դատարկ է մնալու: Փառք Աստծո, որ Գեղամ Գրիգորյանը շատ աշակերտներ ունի, և մեր հույսն այդ աշակերտներն են: Հույս ունեմ, որ նրա աշակերտները նրա գործը կշարունակեն, կշարունակեն այն ստեղծագործությունները, որոնք թողել է, կգիտակցեն՝ ում կողքին են աշխատել»,- ասաց Հասմիկ Պողոսյանը:
Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն էլ, արցունքները զսպելով, ասաց, որ կյանքից հեռացել է մեծ մարդ, մեծ երաժիշտ, հայ բեմի աստղ, բացառիկ տաղանդավոր մարդ:













