Բրյուսելի մահապարտներից մեկը Թուրքիայից 2015-ին արտաքսվել է ոչ թե մեկ, այլ երկու անգամ. Reuters
Թուրք պաշտոնյան, ում անունը չի նշվում, Reuters գործակալությանը հայտնել է, որ Բրյուսելի օդանավակայանում իրեն պայթեցրած Իբրահիմ Բաքրաուին Թուրքիայից անցած տարի արտաքսվել է ոչ թե մեկ, այլ երկու անգամ։
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Բաքրաուի եղբայրներից մեկին բռնել են Թուրքիայում 2015 թվականի հունիսին և արտաքսել Նիդեռլանդներ:
Թուրքիայի նախագահը հավելել է, որ երիտասարդի արտաքսումից հետո իրենք համապատասխան նախազգուշացումներ են ուղարկել Բելգիայի ու Նիդեռլանդների իշխանություններին: Սակայն Բրյուսելը, Էրդողանի բնորոշմամբ, «անտեսել» է Անկարայի նախազգուշացումն առ այն, որ երիտասարդը գրոհային է:
Այժմ պաշտոնյան հայտնել է Reuters-ին, որ Բաքրաուին հետ է եկել Թուրքիա և կրկին արտահանձնվել օգոստոսին։
Պաշտոնյան հայտնել է, որ Բաքրաուին արտաքսվել է ոստիկանության կասկածանքի պատճառով, որ նա օտարերկրացի զինյալ է, սակայն նա ոչ մի հանցագործություն չի գործել Թուրքիայում:
Թուրքիայի ոստիկանությունը հրապարակել է Բաքրաուիի լուսանկարը, որն արվել է անցած հուլիսին՝ Թուրքիայում:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 32 մարդ, ավելի քան 200-ը վիրավորվել են:










