ԻՊ-ի բրիտանացի զինյալները տեսանյութով սպառնացել են ահաբեկչություններ կազմակերպել Հիթրոու օդանավակայանում և Դաունինգ սթրիթում (տեսանյութ)
«Իսլամական պետության» երկու բրիտանացի զինյալ սպառնացել են ահաբեկչական հարձակումներ գործել Հիթրոու և Գեթվիկ օդանավակայաններում, ինչպես նաև Դաունինգ սթրիթում, այս մասին ասվել է Բրյուսելի պայթյունները շնորհավորող տեսանյութում, հաղորդում է The Daily Mail-ը:
Սև դիմակներով և Լոնդոնի առոգանությամբ խոսող տղամարդիկ նկարահանել են իրենց՝ Բելգիայի ահաբեկչությունների մասին ուղերձը և հրապարակել իրենց Instagram-ում :
Տեսանյութը հայտնաբերել է Վաշինգտոնում գտնվող Միջին Արևելքի մեդիա հետազոտությունների ինստիտուտը, որը հետևում է ծայրահեղական քարոզչությանը:
Անվտանգության փորձագետների կարծիքով՝ տղամարդիկ ԻՊ-ի զինյալներ են, ովքեր գտնվում են Սիրիայում, որտեղ էլ օգտագործել են ինտերնետային սրճարանն իրենց սպառնալիքները նկարահանելու համար:
Ինչպես նշում է լրատվամիջոցը, այս սարսափելի տեսանյութը ևս մեկ անգամ վկայում է ՄԵծ Բրիտանիային՝ Սիրիա կռվելու մեկնած բրիտանացի ջիհադիստներից սպառնացող վտանգի մասին:
Բրիտանական անվտանգության գործակալությունների գնահատմամբ՝ Սիրիայում գտնվում է առնվազն 400 բրիտանացի ծայրահեղական և մոտավորապես նույնչափ Բրիտանիայի քաղաքացի, ովքեր վերադարձել են երկիր Սիրիայից:










