Կուբայում մեծ տարածում է գտնում տեսանյութը, որում Օբաման դոմինոյի դասեր է վերցնում կուբացի կատակերգուից (տեսանյութ)

10:12 • 24.03.16

Կուբայում մեծ տարածում է գտնում հումորային հոլովակը, որում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իբր դոմինոյի դասեր է վերցնում կուբացի հայտնի կատակերգու Լուիս Սիլվայից: Կուբացիներին նա հայտնի է Պանֆիլո անունով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Ըստ սցենարի, որը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Կուբայում ԱՄՆ դեսպանատունը, ամերիկացի նախագահն այցելում է Պանֆիլոյի տուն և շնորհակալություն հայտնում կուբացիներին իրեն և իր ընտանիքին ցուցաբերած հյուրընկալության համար:

 

Հումորային տեսարանում ԱՄՆ նախագահը հայտնվում է Կուբայում հայտնի կերպարի տանն այն պահին, երբ Պանֆիլոն դոմինո է խաղում իր ընկերների հետ: Օբաման խոստովանում է, որ ամբողջ կյանքում երազել է սովորել այդ խաղը և նստում է սեղանի շուրջ։ Պանֆիլոն բացատրում է կանոնները և ակնարկում է տնտեսական շրջափակման մասին:

 

Մոտ 6 րոպե տևողությամբ հոլովակում Օբաման նաև սեր է խոստովանում կուբայական երաժշտության և ջազի հանդեպ, ինչպես նաև հիանալի է անվանում կուբայական խոհանոցը: Վերջում նախագահն իսպաներենով խոստանում է վերադառնալ։
 

 

Կուբայում մեծ տարածում է գտնում տեսանյութը, որում Օբաման դոմինոյի դասեր է վերցնում կուբացի կատակերգուից (տեսանյութ)