Օբամային քննադատել են բրյուսելյան ահաբեկչությունների ֆոնին տանգո պարելու համար (տեսանյութ)
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Արգենտինա կատարած այցի շրջանակում անակնկալ կերպով տանգո է պարել` կրքոտ արգենտինուհու առաջարկով:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի հետ պաշտոնական ընթրիքի ժամանակ տեղի ունեցած տանգոն լայնորեն քննադատվել է մի շարք քաղաքական փորձագետների կողմից:
Նրանցից շատերն անընդունելի են համարել այն փաստը, որ մինչ աշխարհը սգում է օրերս Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակը, ԱՄՆ-ի նախագահը տանգո է պարում ու զվարճանում Արգենտինայում:
«Դա ամոթալի և հիասթափեցնող արարք էր նախագահ Օբամայի կողմից: Դա ինձ համար անակնկալ էր»,-ասել է CNN-ի փորձագետ Անա Նավարոն:
ԱՄՆ-ի նախկին նախագահներ Ռիչարդ Նիքսոնի, Ռոնալդ Ռեյգանի ու Բիլ Քլինթոնի նախկին խորհրդական Դևիդ Գերգենի կարծիքով՝ ահաբեկչությունների մասին տեղեկանալուց հետո Օբաման պետք է վերադառնար Միացյալ Նահանգներ, այլ ոչ թե պարեր ու զվարճանար Արգենտինայում:












