Հռոմի պապն առավել սիրված է, քան որևէ համաշխարհային առաջնորդ. հարցում

13:44 • 24.03.16

WIN/Gallup International կազմակերպությունն աշխարհի 64 երկրում հարցում է անցկացրել, որի արդյունքները վկայում են այն մասին, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առավել սիրված է, քան համաշխարհային քաղաքականության որևէ դեմք։

 

Ինչպես նշում է bbc.com-ը, Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հովվապետն առավել սիրված ու ընդունված է հարցվածների շրջանում, քան ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Գերմանիայի կանցլեր Անգելա  Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:


Հետաքրքրական է հատկապես այն փաստը, որ 1.000-ից ավելի հարցվածների շրջանում եղել են ոչ միայն քրիստոնյաներ, այլև` կրոնական այլ ուղղությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև աթեիստներ: Նրանց ճնշող մեծամասնությունն ասել է, որ հավանում է Հռոմի ներկայիս պապին:

 

Աղբյուրը նկատում է, որ հարցված 64 երկրների թվում Ֆրանցիսկոսին ամենաշատը համակրում են Ինդոնեզիայի բնակիչները, մինչդեռ Ադրբեջանում գրանցվել է հոգևորականին համակրողների ամենացածր ցուցանիշը։

 

Հռոմի պապն առավել սիրված է, քան որևէ համաշխարհային առաջնորդ. հարցում