Սալահ Աբդեսլամը չի իմացել Բրյուսելում ահաբեկչությունների պատրաստման մասին. փաստաբան

15:10 • 24.03.16

Անցած տարի Փարիզում իրականացված հարձակումների շարքում ներգրավվածության համար կասկածվող և անցած շաբաթ Բելգիայի մայրաքաղաքում ձերբակալված Սալահ Աբդեսլամի փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը չի իմացել, որ Բրյուսելում մարտի 22-ին ծայրահեղականները հարձակում են պլանավորել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Ավելի վաղ լրագրողները հաղորդել են վարկածի մասին, որ Բրյուսելի պայթյունները կապված են Աբդեսլամի ձերբակալության հետ:

 

Փաստաբան Սվեն Մարին հայտարարել է, որ իր պաշտպանյալը ցանկանում է հնարավորինս արագ վերադառնալ Ֆրանսիա:

 

«Սալահ Աբդեսլամն ինձ հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել Ֆրանսիա և որքան հնարավոր է արագ»,- պատմել է Սվեն Մարին BFM հեռուստաալիքին։

 

Փաստաբանի խոսքով՝ Աբդեսլամը ցանկանում է «բացատրվել Ֆրանսիայում»։

 

Արտահանձնման մասին գործը կքննվի Բրյուսելի դատարանում մարտի 31-ին:

 

Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ իր պաշտպանյալը բոլոր ուժերով հակառակվելու է Ֆրանսիա իր արտահանձնմանը։

Սալահ Աբդեսլամը չի իմացել Բրյուսելում ահաբեկչությունների պատրաստման մասին. փաստաբան