Հատուկ գործողություն Բրյուսելում. ոստիկանությունը 6 մարդու է ձերբակալել ահաբեկչությունների առնչությամբ
Բրյուսելում ոստիկանությունը վեց մարդու է ձերբակալել քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների առնչությամբ, հայտնում է The Guardian-ը։
Հինգշաբթի երեկոյան Բրյուսելում մի շարք ոստիկանական հատուկ գործողություններ են իրականացվել: Գործողությունը, որին մասնակցել են ոստիկանական հատուկ ստորաբաժանումները և զրահապատ մեքենաներ ու ուղղաթիռ, սկսվել է երեկոյան ժամը 9-ից հետո: Բելգիական RTBF հանրային հեռուստառադիոհեռարձակողը, վկայակոչելով ոստիկանական աղբյուրների, հայտնել է, որ գործողության թիրախը եղել են «հարձակումներին մասնակցության համար կասկածվող անձինք»։
Երեք հոգի ձերբակալվել է Բրյուսելի կենտրոնում դատախազության շենքի մոտ, մեկը՝ քաղաքի Ժետ արվարձանում, մյուս երկուսը Բելգիայի մայրաքաղաքի այլ հատվածում:
Հատուկ ոստիկանական ջոկատները բանակի աջակցությամբ առանձին գործողություն են իրականացրել նաև Բրյուսելի հյուսիսարևելյան Սկարբեկ արվարձանում: Այս գործողության հետևանքով ձերբակալվածներ չեն գրանցվել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆրանսիայում ձերբակալվել է մի տղամարդ, ում կասկածում են ահաբեկչական հարձակում նախապատրաստելու համար։ Երկրի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնովի խոսքով՝ Փարիզում և Բրյուսելում ահաբեկչությունների և նախապատրաստվող հարձակման միջև կապը դեռ չի հաստատվել։ Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանական ստուգման ժամանակ, որն անցկացվել է Փարիզի Արժանտյոյ արվարձանում:
Հիշեցնենք, որ օրերս Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է 32 մարդ, ևս 250-ը ստացել են վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:










