Բելգիացի ոստիկանն իմացել է Աբդեսլամի հասցեն 2015 թվականի դեկտեմբերից, սակայն չի հայտնել իրավապահներին. La Derniere Heure
Բելգիական Մեխելեն քաղաքից ոստիկանն իմացել է Փարիզի ահաբեկչությունների կազմակերպման գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամի հասցեն 2015 թվականի դեկտեմբերից, սակայն չի հայտնել այն ահաբեկչության դեմ պայքարի Բրյուսելի բաժնին։ Այդ մասին հայտնում է տեղական La Derniere Heure թերթը։
Թերթի տվյալներով՝ 2015 թվականի դեկտեմբերի 7-ին ոստիկանը, ում անունը չի նշվում, իմացել է հիվանդության պատճառով ազատ օրեր վերցրած գործընկերոջից Աբդեսլամի հասցեն, որով նրան ավելի ուշ հայտնաբերել են իրավապահ ուժերը: Ոստիկանը հաշվետվություն է կազմել, սակայն այդպես էլ այն չի փոխանցել ահաբեկչության դեմ պայքարի բաժին, պնդում է թերթը:
Ինչպես հաղորդվում է՝ Ոստիկանության գործունեության վերահսկողության հանձնաժողովը հետաքննություն է սկսել այդ փաստի առնչությամբ։
Հիշեցնենք, որ Բրյուսելի Մոլենբեկ արվարձանում հատուկ գործողության ընթացքում մարտի 18-ին ձերբակալվել է Փարիզում ահաբեկչությունների կազմակերպման գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամը: Աբդեսլամի հետախուզումն ընթացել է մոտ չորս ամիս։
Փարիզում նոյեմբերի 13-ին ահաբեկչությունների շարք էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 130 մարդ։










