Բրյուսելում պայթյուն է հնչել ոստիկանական հատուկ գործողության անցկացման վայրում
Բրյուսելի Սկարբեկ արվարձանում անցկացվող ոստիկանական հատուկ գործողության գոտում երրորդ պայթյունն է հնչել այն վայրի մոտակայքում, որտեղ աշխատում են ականազերծման մասնագետները, հաղորդում է RTBF հեռուստաալիքը:
«Մենք հենց նոր պայթյուն լսեցինք, դա հավանաբար տեղի է ունեցել Ռոժյե փողոցի վրա, որտեղ գտնվում են ականազերծման ծառայությունները»,- ուղիղ եթերում հայտնել է հեռուստաալիքի լրագրողը:
Առաջին երկու պայթյունները մեկ րոպե տարբերությամբ հնչել են ուժային գործողության ամենասկզբում, որն անցկացվում է ոստիկանական հատուկ ստորաբաժանումների և զինվորականների մասնակցությամբ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ մեկ մարդ է չեզոքացվել, մեկ մարդ ձերբակալվել է: Այդ տեղեկությունը դեռ չի հաստատվել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բելգիայի ոստիկանությունը նոր ոստիկանական գործողություն է սկսել Բրյուսելի Սկարբեկ արվարձանում, որտեղից երեքշաբթի օրը տաքսիստը օդանավակայան է տեղափոխել մահապարտ ահաբեկիչներին: RTBF բելգիական հանրային հեռուստառադիոընկերության տեղեկություններով՝ ոստիկանական հատուկ ստորաբաժանումը ներխուժել է արվարձանում գտնվող բնակելի տուն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է 32 մարդ, ևս 250-ը ստացել են վնասվածքներ:
Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:










