Փոքրացել են ՌԴ միգրացիոն օրենսդրության հետ խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը. Գագիկ Եգանյան

20:35 • 25.03.16

ՌԴ մուտքի արգելք ունեցող  12129 ՀՀ քաղաքացի արդեն դիմել է ՀՀ ՏԿՆ միգրացիոն ծառայությանը՝  մուտքի արգելքի որոշումը վերանայելու հարցով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿՆ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը:


Նա նշեց, որ ստացված դիմումներից արդեն 11558-ը ուղարկվել է ՌԴ դաշնային միգրացիոն ծառայություն  և 4768 դիմումի հարցով՝ ստուգումների արդյունքում ԴՄԾ տարածքային մարմիններին մուտքը բացելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել:


Ինչ վերաբերում է տվյալ խնդրի հետ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական անդամակցության ազդեցությանը, Գագիկ Եգանյանն ասաց. «ԵՏՄ անդամակցությունը չի ենթադրում, որ մարդիկ կարող են խախտել տվյալ երկրների միգրացիոն օրենսդրությունը և կրկին պետք է հորդորեմ մեր քաղաքացիներին, որ ուշադիր լինեն միգրացիոն և վարչական օրենսդրության պահանջների պարտադիր կատարմանը»:


Գագիկ Եգանյանը նկատեց, որ կիրառված խստությունները դրական ազդեցություն թողել են, որովհետև վերջին շրջանում անհամեմատ փոքրացել են նման խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը:


Հարցին, թե ԵՏՄ անդամակցությունից հետո կարող ենք ասել, թե  ավելի շատ է եղել արտագաղթը դեպի Ռուսաստան, Գագիկ Եգանյանն ասաց, որ դա պարզելու համար հատուկ ուսումնասիրություն է անհրաժեշտ,  սակայն նկատեց, որ ուղևորահոսքի առումով կտրուկ փոփոխություններ չկան:


Անդրադառնալով ԵՏՄ անդամ երկրների ունեցած առավելություններին՝ նա մատնանշեց. «Ոչ ԵՏՄ անդամ քաղաքացիները, եթե աշխատանքային գործունեություն ծավալեն Ռուսաստանում, ապա պետք է գնան առանձին թույլտվություն ստանան, ինչի համար տեղեկանքներ ներկայացնեն, իսկ մեր բոլոր քաղաքացիներն այդ ամենից ազատված են: Շատ պարզ ընթացակարգ է, այնքան է պարզեցված, որ հավասարեցված է իրենց երկրի քաղաքացիների իրավունքներին»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ  միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ) և ՌԴ դաշնային  միգրացիոն ծառայության (ԴՄԾ) միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՄՊԾ-ն հավաքագրում է ՌԴ  մուտքի արգելքը վերանայելու վերաբերյալ    ՀՀ  քաղաքացիների  դիմումները` կից փաստաթղթերի հետ միասին  և փոխանցում  դրանք Ռուսաստանի ԴՄԾ:  Վերջինս դրանք քննարկելով որոշում է կայացնում մուտքի արգելքը բացելու կամ որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ: Նշված աշխատանքները սկսել են տարվել 2014թ. մայիսի 28-ից:
 

Փոքրացել են ՌԴ միգրացիոն օրենսդրության հետ խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը. Գագիկ Եգանյան