Քրեական գործ է հարուցվել՝ Գյումրի քաղաքի թիվ 3 հիվանդանոցի տնօրենին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի թիվ 3-րդ հիվանդանոցի տնօրեն Արտուշ Ասատրյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հիշեցնենք, որ ինչպես արդեն Tert.am-ը տեղեկացրել էր, Գյումրիում այսօր առավոտյան դիմակավորված անձինք հարձակվել են Գյումրիի թիվ 3 ընտանեկան բժշկական կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանի վրա:
2016 թվականի մարտի 25-ին` ժամը 8:30-ին, Գյումրի քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ երկու հոգի հարձակվել են ամուսնու՝ Արտուշ Ասատրյանի (Գյումրի քաղաքի թիվ 3-րդ հիվանդանոցի տնօրեն) վրա և ծեծել:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Նախնական տվյալներով՝ Ա.Ասատրյանը 2016 թվականի մարտի 25-ին՝ ժամը 8.20-ի սահմաններում, տանից դուրս է եկել բակ: Րոպեներ անց կինը լսել է բարձր ձայներ և դուրս գալով բակ՝ տեսել, որ ամուսինն ընկած է գետնին, իսկ դիմակավորված երկու անձ մահակներով հարվածում են նրան: Կնոջը տեսնելով՝ դիմակավորված անձինք դիմել են փախուստի։
Ա.Ասատրյանը տեղափոխվել է հիվանդանոց՝ «գլխի ջնջխված վերքերով և կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած թափանցող վնասվածքով»:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։
Ստեղծվել է քննչական խումբ և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։










