Թուրքիան փորձում է տապալել Սիրիայում հրադադարի ռեժիմը. Մատվիենկո
Թուրքիան փորձում է տապալել Սիրիայում գործող հրադադարի ռեժիմն ու սրել իրավիճակն այնտեղ։ Այդ մասին РИА Новости գործակալությանը հայտնել է Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։
«Հրադադարի ռեժիմը խախտելու, Սիրիայում իրավիճակը սրելու փորձեր են իրականացվում։ Այդ թվում Թուրքիայի կողմից, որը հենց սկզբից Սիրիայում իր աշխարհաքաղաքական շահերն է հետապնդում, նա շարունակում է կրակ բացել քրդական բնակչության ուղղությամբ՝ չնայած ձեռք բերած համաձայնագրին ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին»,-ասել է պաշտոնյան։
Մատվիենկոյի խոսքով՝ ակնհայտ է, որ ինչ-որ մեկը չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ նավթի արդյունահանման ու վաճառքի ծավալները նվազել են։
«Մենք կարևոր ենք համարում, որ խստորեն պահպանվի հրադադարը: Անհրաժեշտ է համատեղ հասնել նրան, որ բոլոր ուժերը, որոնք ազդեցություն ունեն Սիրիայի վրա, նստեն բանակցային սեղանի շուրջ և իրականացնեն ընդունված «ճանապարհային քարտեզը»»,-ասել է Դաշնային խորհրդի խոսնակը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ջանքերի արդյունքում լրջորեն նվազել է ԻՊ-ի և այլ միջազգային ահաբեկչական խմբավորումների ապահովման ռեսուրսները՝ ներառյալ ֆինանսական միջոցներն ու զենքի մատակարարումը։










