Բանակցությունների դադարի ընթացքում սիրիական կողմերը կկարողանան ուսումնասիրել առաջարկները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան հույս ունի, որ սիրիական հակամարտության կողմերը բանակցությունների դադարի ընթացքում կուսումնասիրեն հնչած առաջարկները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Միջսիրիական բանակցությունները վերսկսվել են Ժնևում մարտի 14-ից։ Տասն օրերի ընթացքում Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան հերթով հանդիպել է թե՛ ընդդիմության, թե՛ պաշտոնական Դամասկոսի ներկայացուցիչների հետ։ Արդյունքում մշակվել է փաստաթուղթ, որը ներկայացնում է կողմերի ընդհանուր տեսակետը։
«Մենք հույս ունենք, որ այժմ փոքր դադար կլինի՝ «տնային աշխատանքի» համար, բոլորը պետք է ուսումնասիրեն փաստաթղթերը, որոնք ներկայացրել է դե Միստուրան և հաջորդ փուլին վերադառնան ավելի հստակ դիրքորոշմամբ»,-ասել է Բոգդանովը։
Նա հավելել է, որ Մոսկվան միշտ կողմ է Դամասկոսի և ընդդիմության միջև ուղիղ երկխոսությանը։










