ԻՊ-ը Բելգիայի ահաբեկչությունների մասին տեսանյութ է թողարկել՝ Թրամփի լուսանկարն օգտագործելով

11:11 • 25.03.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներն օգտագործել են Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի պատկերը Բելգիայի ահաբեկչությունների մասին իրենց նոր տեսանյութում, գրում է Newsweek-ը։

 

Ինչպես հաղորդվում է՝ իրենց նոր ուղերձում գրոհայիններն օգտագործել են Թրամփի լուսանկարը և խոսքը, երբ նա ասել է. «Բրյուսելը 20 տարի առաջ աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն էր: Այն իսկապես զարմանալի և անվտանգ քաղաք էր: Այժմ այն դարձել է սարսափների շոու»։

 

Տեսանյութը նաև կոչ է անում ահաբեկիչների հետևորդներին նոր ահաբեկչական հարձակումներ իրականացնել Եվրոպայում: Այն ներառում է ողբերգության լրատվական կադրերը, որոնք ուղեկցվում են «Եղբայրնե՛ր, ոտքի՛, առա՛ջ» խոսքերով արաբական երգով։

 

Հիշեցնենք, որ օրերս Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է 32 մարդ, ևս 250-ը ստացել են վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

ԻՊ-ը Բելգիայի ահաբեկչությունների մասին տեսանյութ է թողարկել՝ Թրամփի լուսանկարն օգտագործելով