Բելգիայում սպանվել է ատոմակայանի աշխատակից, նրա անցագիրն անհետացել է. La Derniere Heure

13:09 • 26.03.16

Բելգիայում սպանվել է ատոմակայանի անվտանգության ծառայության աշխատակիցը, իսկ նրա անցագիրը, որով հնարավոր է ԱԷԿ մտնել, տարել են, հայտնում է բելգիական La Derniere Heure (dhnet.be) պարբերականի կայքը։

 

ԱԷԿ-ի անվտանգության աշխատակիցը սպանվել է Շարլերուա շրջանում, որտեղ զբոսնելիս է եղել շան հետ:

 

Սպանությունը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան, սակայն պարբերականի տվյալներով՝ իշխանությունները լռում են՝ փորձելով կանխել լուրի տարածումը։

 

Նշվում է, որ հենց Շարլերուա շրջանում են բնակվել Փարիզի ահաբեկչության կատարողները, ինչպես նաև բրյուսելյան օդանավակայանում իրենք իրենց պայթեցրած էլ-Բաքրաուի եղբայրները:

 

Ավելի վաղ La Derniere Heure պարբերականը հաղորդել էր, որ բրյուսելյան ահաբեկիչների նախնական թիրախը եղել է հենց ԱԷԿ-ը, սակայն վերջերս փարիզյան հարձակման մասնակից Սալահ Աբդեսլամի ձերբակալությունը նրանց ստիպել է գործել ավելի արագ և պայթյուններ իրականացնել մետրոյում և օդանավակայանում։

 

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելիի օդանավակայանում և մետրոյում պայթյուններ էին որոտացել, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 30, վիրավորվել՝ շուրջ 300 մարդ։

Բելգիայում սպանվել է ատոմակայանի աշխատակից, նրա անցագիրն անհետացել է. La Derniere Heure