Գերմանիայի արդարադատության նախարարը չի բացառել երկրում ահաբեկչությունների հնարավորությունը
Գերմանիայի արդարադատության և սպառողների իրավունքների պաշտպանության նախարար Հայկո Մաասը Բրյուսելում իրականացված ահաբեկչություններից հետո չի բացառել ահաբեկչական հարձակումների հնարավորությունը Գերմանիայի տարածքում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Չի կարելի հույսը դնել նրա վրա, որ միջազգային ահաբեկչությունը հավերժ պտտվելու է Գերմանիայի շուրջը»,- հայտնել է նախարարը:
Նրա խոսքով՝ Գերմանիան արդեն վաղուց պոտենցիալ թիրախ է ահաբեկիչների համար։
«Մեր հատուկ ծառայություները, սակայն, անում են հնարավորը, ինչ իրենց ուժերի սահմաններում է, որպեսզի կանխեն նման ահաբեկչությունները և պաշտպանեն մարդկանց Գերմանիայում»,- ընդգծել է նախարարը:
Ընդ որում՝ նա խորհուրդ է տվել գերմանացիներին խուճապի չմատնվել: Նա նշել է, որ եթե իրենք հիմա ամբողջությամբ քարանան ահ ու սարսափից, ապա ահաբեկիչները կհասնեն իրենց նպատակին։
Օրերս Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է ավելի քան 30 մարդ։ Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:










