Ապագան թվային բիզնեսինն է. բրիտանական The Independent թերթի թղթե տարբերակը լույս է տեսել վերջին անգամ
Բրիտանական The Independent հեղինակավոր թերթի թղթե տարբերակը մարտի 26-ին լույս է տեսել վերջին անգամ, այս մասին հաղորդվում է պարբերականի կայքում։ Այսուհետ թերթն ամբողջությամբ անցում կկատարի թվային ձևաչափին։
Ինչ վերաբերում է կիրակնօրյա թողարկումներին, ապա դրանք դադարել են լույս տեսնել մարտի 20-ից, գրում է Лента-ն։
Գլխավոր խմբագիր Լիզա Մարքվելը շնորհակալություն է հայտնել լրագրողներին, ովքեր գրեթե 30 տարի աշխատել են թերթի թողարկման վրա, և ընդգծել է, որ թղթե տարբերակի փակումը բոլորովին չի նշանակում նրանց գործունեության ավարտը:
Հիշեցնենք, որ պարբերականի սեփականատեր Եվգենի Լեբեդևը` ռուս գործարար Ալեքսանդր Լեբեդևի որդին, հայտարարել է թվային ձևաչափին անցում կատարելու մասին։
«Թերթի արդյունաբերությունը փոխվում է, և այդ փոփոխությունը կատարվում է ընթերցողների կամքով: Նրանք ցույց են տալիս մեզ, որ ապագան թվային բիզնեսինն է: Այդ որոշումը կպահպանի The Independent բրենդը, ինչպես նաև թույլ կտա մեզ շարունակել ներդրումներ կատարել բարձրորակ կոնտենտում»,- բացատրել է նա։










