Հայաստանում 5 տարեկանից փոքր երեխաների 19%-ը թերաճ է, գրեթե 15%-ը՝ գերքաշ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից համատեղ մշակված զեկույցի համաձայն՝ Հայաստանում լիարժեք սնունդ չի ստանում յուրաքանչյուր 5-րդ երեխան, 5 տարեկանից փոքր երեխաների 19%-ը թերաճ ունի, իսկ գրեթե 15%-ը՝ գերքաշ:
Ըստ զեկույցի՝ թերաճությունը պայմանավորված է քրոնիկ թերսնուցմամբ և դրսևորվում է երեխաների՝ իրենց տարիքի համեմատ կարճահասակությամբ: Նշվում է, որ Հայաստանի տնային տնտեսությունների 28%-ը որևէ ցնցումի ենթարկվելու պարագայում, կարող է հայտնվել պարենային անապահով դառնալու վտանգի տակ:
Մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ պատկերը 2000թ-ից նույնն է, և վիճակի բերալավում, ըստ էության, չի եղել: «Նույնիսկ աճել է մի քիչ, ոչ թե նվազել է»,-ասաց նա և հավելեց, թե թերսնումը հանրային առողջության լուրջ խնդիր է դառնում:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց պաշտոնական վիճակագրության տվյալները, ըստ որի՝ բնակչության 1/3-րդը կամ շուրջ 900 հազար մարդ աղքատ է, որոնցից ավելի քան 400 հազարը շատ աղքատ է, իսկ ավելի քան 80 հազարը՝ ծայրահեղ աղքատ: Նա կրկին պաշտոնական թվեր է ներկայացնում և նշում, թե մեր բնակչության ուղիղ 32%-ի ամսական եկամուտներն ավելի քիչ են եղել, քան սահմանված նվազագույն պարենային շեմն է, որը կազմում է գրեթե 40 000 դրամ:
Նշենք, որ, ըստ սահմանված չափի, մեկ շնչի հաշվով հացի սպառումը օրական պետք է կազմի նվազագույնը 461 գրամ, մսամթերքինը՝ 48.3 գրամ, ձկնամթերքինը՝ 2.5 գրամ, ձվինը՝ 18.6 գրամ, բանջարեղենինը՝ 203.7 գրամ, կարտոֆիլինը՝ 145.6 գրամ, և այլն: Այս քանակությամբ ապրանքների գները համադրելով՝ ստացվում է, որ պակաս եկամուտ ունեցողները «թերսնվածներ են»:
Ահարոն Ադիբեկյանը նշեց, շուրջ 30%-ը սննդի խնդիր ունեն և՛ քանական, և՛ որակյալ, և եթե ծայրահեղ աղքատներին չի բավականացնում օրվա սնունդը, աղքատները՝ թերի են սնվում: Ըստ նրա՝ Հայաստանի միջին սպառողն իր եկամուտների 60 տոկոսը տալիս է սննդին:
Ի դեպ, ըստ Ադիբեկյանի հարցումների, Հայաստանում գնալով կրճատվում է հարուստների և չունևորների թվաքանկը:










