Ահաբեկչի հետ համեմատությունները սխալ են. Մերկելի հետ սելֆիի հեղինակ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ սելֆիի հեղինակ 19-ամյա սիրիացի Անաս Մոդամանին, որի արտաքինում սոցցանցերի շատ օգտատերեր նմանություններ են գտել մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում պայթյուն իրականացրած մահապարտ ահաբեկիչ Նաջիմ Լաաշրաուիի հետ, Deutsche Welle-ի հետ հեռախոսազրույցում մեկնաբանել է միջադեպը և պատմել, թե ինչն է իրեն Գերմանիա բերել, գրում է korrespondent.net-ը:
Մոդամանիի խոսքերով՝ նա վշտացած է Լաաշրաուիի հետ բազմաթիվ համեմատությունների համար և սկզբում անգամ մտավախություններ ուներ, որ օգտատերերի մեկնաբանությունների պատճառով Գերմանիայի իրավապահ մարմինները կսկսեն ստուգումներ իրականացնել այդ եզրակացությունների հիմքերը պարզելու համար:
Մոդամանին պատմել է, որ ստիպված է եղել լքել Դամասկոսը ռմբակոծությունների պատճառով և ժամանել է Գերմանիա 2015 թվականի սեպտեմբերին: Մոդամանիի ընկեր Լյան Չենի խոսքերով՝ համացանցում շրջանառվող լուրերի համար որևէ հիմքեր չկան: Սիրիացին չէր կարող լինել Բրյուսելում ահաբեկչությունների օրը, քանի որ ապրում է Բեռլինում և ամեն օր հաճախում է գերմաներենի դասերի, բացատրել է Լյան Չենը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Twitter սոցցանցի օգտատերերը քննարկում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի «սելֆին» մի փախստականի հետ։ Լուսանկարն արվել է 2015 թվականի սեպտեմբերին: Twitter-ի օգտատերերն այդ ներգաղթյալի և Բրյուսելի ահաբեկիչներից մեկի՝ Նաջիմ Լաաշրաուիի միջև նմանություն են նկատել:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է ավելի քան 30 մարդ, ևս 250-ը ստացել է վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:










