«Կանգնի՛ր: Ո՞ւր: Կանգնի՛ր». Դոնի Ռոստովում ինքնաթիռի աղետի պատճառը կարող էր լինել օդաչուների վեճը. Коммерсантъ

10:45 • 28.03.16

ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում FlyDubai ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի աղետը կարող էր տեղի ունենալ օդաչուների խցիկում տեղի ունեցած վեճի պատճառով, գրում է Коммерсантъ թերթը` հղում անելով հետաքննությանը մոտ աղբյուրների։

 

Աղբյուրը նշում է, որ մասնագետները վերծանել են օդանավի խոսքային և պարամետրիկ ինքնագրիչ սարքերի տվյալները: Արդյունքում նրանք կարողացել են վերականգնել տեղի ունեցածի պատկերը։ 

 

Պարզվել է, որ 2-րդ շրջանը կատարելիս նոր բարձրություն հավաքելու ժամանակ օդաչուներին անհրաժեշտ է եղել ինքնուրույն որոշել ինքնաթիռի քթի թեքության անկյունը` կողմնորոշվելով սարքավորումների ցուցմունքներից:

 

Մասնագետները կարծում են, որ օդաչուները հաշվի չեն առել Boeing-ի յուրահատկությունները` վայրէջքի ռեժիմից դեպի բարձրություն հավաքելու անցման ժամանակ։ Ինքնաթիռը հանգիստ վեր բարձրանալու փոխարեն սլացել է վեր՝ ինչպես կործանիչ:

 

Մասնագետները կարծում են, որ օդաչուները հոգնածության կամ փորձի պակասի պատճառով չեն հասկացել օդանավի ինքնաբերաբար մանյովրը, իսկ երբ օդանավի արագությունը սկսել է կտրուկ նվազել, խցիկում վեճ է տեղի ունեցել։

 

Գլխավոր օդաչուն ավելացրել է շարժիչների աշխատանքի ռեժիմը` փորձելով արագություն հավաքել: Իսկ գործընկերը կարծել է, որ անհրաժեշտ է իջեցնել ինքնաթիռի քթային հատվածը։


«Կանգնի՛ր: Ո՞ւր: Կանգնի՛ր». բղավոցներով նա դիմել է գործընկերոջը` իրենից հեռացնելով ղեկը, որպեսզի դադարեցնի արագության հավաքումը:

 

Անձնակազմին հաջողվել է համաձայնեցնել գործողությունները միայն այն պահին, երբ 2 օդաչուներն էլ զգացել են բացասական հետևանքները, սակայն արդեն չափազանց ուշ է եղել:
 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում 2016թ. մարտի 19-ին վթարի էր ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել էին բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 7 անդամները:

 

 

«Կանգնի՛ր: Ո՞ւր: Կանգնի՛ր». Դոնի Ռոստովում ինքնաթիռի աղետի պատճառը կարող էր լինել օդաչուների վեճը. Коммерсантъ