Հաղարծինի վանք բարձրանալու համար մեքենաներից 300 դրամ են գանձում. սրբազանը պարզաբանում է՝ կարգ ու կանոն հաստատելու համար է
Հաղարծինի վանական համալիր տանող ճանապարհին արգելափակոց են (шлагбаум) տեղադրել և վերև բարձրացող յուրաքանչյուր մեքենայից 300 դրամ գումար են գանձում:
Tert.am-ի հետ զրույցում հերթական գումարներ կորզելու փաստից իրենց դժգոհությունը փոխանցեց համալիր այցելած դիլիջանցիներից մեկը, ով նշեց, որ ի տարբերություն զբոսաշրջիկների՝ իրենք ավելի հաճախ են գալիս եկեղեցի և իրենցից հավասարապես գումար են գանձում:
Tert.am-ի Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց, որ նման որոշում իրենք են կայացրել, տարածքում կարգ ու կանոն հաստատելու համար:
Ըստ նրա՝ հիմնականում այդ հատվածում անընդհատ խցանումներ էր լինում, քանի որ երկկողմ էին մեքենաները կայանում, արդյունքում էլ վթարներ էր լինում, նաև՝ գողություններ:
«Ընդամենը տաս օր առաջ նույն այդ տարածքում մեքենաները վթարվել են, և ո՞ւմ են մեղադրում՝ իհարկե մեզ, որ չենք կարողանում տարածքը սպասարկել: Մենք էլ որոշեցինք ծառայության հանձնել որևէ ընկերության, ովքեր կկարողանան տարածքը պատշաճ կերպով սպասարկել և ծառայություն անել»,-ասաց նա:
Սրբազանը նշեց, թե խնդիրը բոլորովին վճարման առանձնահատկությունը չէ, այլ տարածքում այդ կերպ կարգ ու կանոնով ավտոկայանատեղերի հնարավորություն ստեղծելը, որ մարդիկ հանգիստ մտնեն և հանգիստ դուրս գան:
«Հիմա տարածքը բավական ընդլայնվել է, քանի որ միայն մեկ կողմն է կայանելու հնարավորությունը, ոչ թե երկու, ինչպես առաջ եղել է: Բացի այդ, մեքենաները կարող են կայանված մնալ ամբողջ օրը, և ժամի սահմանափակման հարց էլ չկա: Մեքենաներին կտրվեն կտրոններ, և սպասարկող ընկերությունը կվճարի բոլոր տեսակի օրինական հարկերը»,-ասաց նա:
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նաև նշեց, որ սպասարկման ծախսն ամսական կազմում է 400 000 դրամ՝ հարկերով հանդերձ և բացի այդ աշխատատեղ է ստեղծվում: Իսկ մնացյալ գումարները, ըստ նրա, օգտագործվում են տարածքի բարեկարգման համար:










