Բրյուսելում նացիստները փախստականների դեմ ցույցի են ելել. իրավապահները ջրցան մեքենաներ են կիրառել (տեսանյութ)
Բրյուսելի Place de la Bourse հուշահամալիրի մոտ փախստականների դեմ ուղղված բողոքի ակցիա են կազմակերպել նացիստական գաղափարախոսության 200-ից ավելի հետևորդներ։
Ինչպես նշում է The Guardian-ը, դիմակավորված մասնակիցները, գտնվելով մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու վայրում, բացականչել են ազգայնական բնույթի, փախստականների դեմ ուղղված կարգախոսներ, ինչպես նաև հանդես են եկել նացիստական ողջույններով:
Նրանց ցրելու համար իրավապահները կիրառել են ջրցան մեքենաներ, ինչից հետո ձերբակալվել է 10 մարդ։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելի միջազգային օդանավակայանում ու մետրոյի կայարանում որոտացած պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, վիրավորվել՝ 300-ից ավելին:
Ահաբեկչությունների կազմակերպիչներն ու իրականացնողները Խալիդ ու Իբրահիմ էլ Բաքրաուի եղբայրներն են, ովքեր ևս մահացել են:










