Օբաման հրաժարվել է Էրդողանի հետ առանձին հանդիպումից. WSJ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մերժել է մոտ օրերս ԱՄՆ այցով ժամանող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ անձնական հանդիպման մասին առաջարկը, հաղորդում է The Wall Street Journal–ը:
Էրդողանը ցանկանում էր հանդիպել ամերիկացի նախագահ հետ Մերիլենդ նահանգում մզկիթի բացման ժամանակ, որի շինարարությունը ֆինանսավորել է Թուրքիան: Սակայն ԱՄՆ ղեկավարի մամուլի ծառայությունում պատասխանել են, որ երկու նախագահների միջև պաշտոնական հանդիպում չի նախատեսվում, գրում է հոդվածագիրը: Փոխարենը, սպասվում է, որ Էրդողանի հետ կհանդիպի ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը:
«Վաշինգտոն նրա այցի ընթացքում Էրդողանի հետ չհանդիպելու որոշումը հարկավոր չէ արհամարհանք համարել, քանի որ նախագահները հանդիպել են Թուրքիայում նոյեմբերին G20 վեհաժողովին և փետրվարին խոսել են հեռախոսով»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում:
Ինչպես թերթը նշում է, 2013 թվականին Թուրքիայի վերջին այցի ընթացքում Օբաման նրան անձամբ է ողջունել և բարձր է գնահատել քուրդ անջատողականների հետ երկխոսություն սկսելու իր ջանքերը: Այս տարի, սակայն, Էրդողանը կարող է ստանալ բոլորովին այլ ընդունելություն միջուկային անվտանգության վեհաժողովին իր այցելության ընթացքում:
«Սպիտակ տանը ցանկանում են ցույց տալ, որ Էրդողանն այլևս ցանկալի հյուր չէ»,- նշել է Ամերիկյան առաջընթացի կենտրոնի ազգային անվտանգության և միջազգային քաղաքականության հարցերով տնօրենի տեղակալ Մաքս Հոֆմանը: Նա ընդգծել է, որ Էրդողանի աճող ավտորիտարությունը և նրա քաղաքականությունը քրդերի նկատմամբ չէին կարող չանդրադառնալ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:
Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններում լարվածությունն առաջացել է Միացյալ Նահանգների կողմից սիրիացի քրդերին աջակցություն տրամադրելու պատճառով:










