Ադրբեջանում ազատ է արձակվել իրավապաշտպան Ինթիգամ Ալիևը

09:19 • 29.03.16

Հայտնի ադրբեջանցի փաստաբան և իրավապաշտպան Ինթիգամ Ալիևն ազատ է արձակվել երկրի գերագույն դատարանի որոշմամբ, որն իրավապաշտպանի կալանքը փոխարինել է պայմանական ժամկետով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

«Իրավական կրթության հասարակություն» կազմակերպությունը գլխավորող Ալիևը երկու տարի առաջ մեղավոր է ճանաչվել հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրության և փողերի լվացման համար։

 

Մինչ այդ մոտ 20 տարի փաստաբանն աշխատել է կոռուպցիայի հակազդման հարցերով, մոտ 200 հայց է ներկայացրել Եվրոպայի մարդու իրավունքների դատարան, որոնցից 40-ը հաղթել է: Դրանց մեծ մասը վերաբերել է 2005 և 2010 թվականներին ընտրություններում ենթադրյալ կեղծումներին։

 

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաներում է հայտարարել 14 մարդու նկատմամբ, որոնց տեղի իրավապաշտպանները քաղբանտարկյալ են անվանել։

 

Ազատ է արձակվել նաև լրագրող Ռաուֆ Միրկադիրովը, ով վեց տարվա ազատազրկման էր դատապարտվել պետական դավաճանության համար։ Նրա դատավճիռը նույնպես փոխարինվել է պայմանական ժամկետով։

Ադրբեջանում ազատ է արձակվել իրավապաշտպան Ինթիգամ Ալիևը