Գրեթե բոլոր ուղևորներն ազատ են արձակվել. EgyptAir
EgyptAir ավիաընկերությունը Twitter-ում հայտնել է, որ ավիաընկերության ինքնաթիռն առևանգողի հետ բանակցություններից հետո, ազատ են արձակվել գրեթե բոլոր մարդիկ՝ բացի օդանավի անձնակազմից և հինգ օտարերկրացուց։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կիպրոսի լրատվամիջոցների տեղեկություններով՝ 20 ուղևոր է ազատ արձակվել Լառնակայի օդանավակայանում գտնվող MS181 չվերթի ինքնաթիռից:
Ավելի վաղ Associated Press-ը հայտնել է, որ առևանգողը թույլ է տվել օդանավից դուրս գալ կանանց և երեխաներին, Agence France-Presse-ը հաղորդում է, որ օդանավից դուրս են եկել Եգիպտոսի քաղաքացիություն ունեցող կանայք և երեխաները:
Egypt Air-ի ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Եգիպտոսի մայրաքաղաքում առավոտյան տեղի ժամանակով ժամը 7:15-ին:
Reuters-ը՝ վկայակոչելով Եգիպտոսից աղբյուրներին, հայտնում է, որ օդանավում կա Մեծ Բրիտանիայի 8 և ԱՄՆ-ի 10 քաղաքացի։
Հիշեցնենք, որ անհայտ անձինք (կամ 1 հոգի՝ նրանց թիվը դեռ հաստատված չէ) առևանգել են Ալեքսանդրիա-Կահիրե չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռը։ Այն վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում։










