Եգիպտական ինքնաթիռն առևանգողը պահանջում է Եգիպտոսի բանտերից ազատ արձակել կանանց

15:04 • 29.03.16

Egypt Air ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն առևանգողը պահանջել է Եգիպտոսի բանտերից ազատ արձակել կանանց, հայտնում է Reuters-ը։

 

Չի բացառվում, որ նա քաղաքական դրդապատճառներ ունի, քանի որ պատկանում է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի ընդդիմադիրների բանակին։ Նա պահանջում է ազատ արձակել Եգիպտոսի բանտերում պահվող որոշ կանանց։ Նրա այդ պահանջի մասին գրված է եղել նամակում։

 

Ավելի վաղ Եգիպտոսի նախագահի ներկայացուցիչը հայտնել էր եգիպտական ինքնաթիռն առևանգողի ինքնությունը։ Համաձայն ճշտված տվյալների՝ նա Սեյֆ ադ-Դին Մուսթաֆան է։ Ժամեր առաջ հաղորդվել է, որ ինքնաթիռի ենթադրյալ առևանգողն ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Իբրահիմ Սամահան է: Սակայն Սամահայի կինը հերքել է, որ նրա ամուսինն է առևանգել ինքնաթիռը՝ բացատրելով, որ նրա ամուսինն ինքն է պատանդ դարձել և այնուհետև ազատ է արձակվել առևանգողի կողմից։ Կինը նաև ընդգծել է, որ ԶԼՄ-ներում տարածված լուսանկարում, որտեղ իբր երևում է ինքնաթիռի առևանգողը, իր ամուսինը չէ պատկերված։

 

Առավոտյան հաղորդվել էր, որ անհայտ անձն առևանգել է Ալեքսանդրիայից Կահիրե թռչող ինքնաթիռը։ Ավելի ուշ այն վայրէջք էր կատարել Լառնակայի օդանավակայանում։
 

Եգիպտական ինքնաթիռն առևանգողը պահանջում է Եգիպտոսի բանտերից ազատ արձակել կանանց