Եվրանեսթ ԽՎ-ի նիստին 4 զեկույց է ընդունվել, որոնք բխում են ՀՀ-ի համար ընդունելի դիրքերից. Արտակ Զաքարյան
Եվրանեսթ ԽՎ-ի հինգերորդ լիագումար նիստին ընդհանուր առմամբ 4 զեկույց է ընդունվել, և բոլոր 4 զեկույցները բխում են ՀՀ-ի համար ընդունելի դիրքերից. այսօր Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների ասուլիսին ասաց ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը:
«Զեկույցներում չկան կետեր, որոնք անընդունելի երանգներ ունենան, ամբողջությամբ ընդունելի բնույթ են կրում և արտահայտում են ՀՀ-ի շահերը և նպատակները»,-ասաց նա և նշեց, որ նախապես, մինչ զեկույցների ընդունելը, ԼՂ հարցին առնչվող հակասություններ կային, և պատվիրակությանը հնարավոր է դարձել ձեռք բերել համաձայնություն առաջարկի հեղինակների հետ՝ հետ վերցնել իրենց առաջարկներից անընդունելի ձևակերպումները:
Զաքարյանը նշեց, որ անընդունելի ձևակերպումներ ասելով՝ նկատի ունեն այնպիսի մեջբերումներ, ինչպիսիք են՝ «օկուպացված տարածքներ», «ռազմական ագրեսիա», «տարածքային ամբողջականություն», «զորքերի դուրսբերում» և այլն:
«Մեր հիմնական շեշտադրումն այն էր, որ չպետք է լինեն ընդհանրացված ձևակերպումներ, որոնք որ առնչություն ունեն նաև ԼՂՀ-ի հակամարտության կողմին նույն տեսակետից: Երբ մենք ասում ենք անընդունելի ձևակերպումներ, նաև նկատի ենք ունենում ՀՀ առկա բազմավեկտոր քաղաքականությունում բոլոր գործընկերների հետ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող, և մենք դեմ ենք ցանկացած տիպի բաժանարար գծերին: Մենք փորձում ենք չեզոքացնել բոլոր այն մոտեցումները, որ Եվրանեսթում լինի առանձնացված վերաբերմունք այս կամ այն գործընկեր երկրի նկատմամբ»,-ասաց նա և հավելեց, թե որոշ հարցերում պատվիրակությունն ուներ վերապահումներ, հատկապես այն հարցերում, որոնք ուղղված էին ՌԴ-ի շահերի դեմ:
«Դա, բնականաբար, արտահայտում էր նաև ՀՀ-ի հետ առնչություն, և մեր պատվիրակությունը դեմ էր քվեարկել այդ առաջարկություններին»,-ասաց նա:
«Եվրամիության անդամ և Արևելյան գործընկերության երկրների արտաքին քաղաքականությունների և այդ երկրների անվտանգությանը սպառնացող մարտահրավերների վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումներ և մտահոգություններ» թեմայով զեկույցում, ըստ Զաքարյանի, մի շարք դրույթներ էին արտացոլված, որոնք արտահայտում էին ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը:
«Առանձնապես հղում է արվում 94թ-ի մայիսի 12-ին երեք կողմերի, այդ թվում նաև ԼՂՀ-ի միջև կնքված զինադադարի համաձայնագրին, առանձին կերպով խոսք է գնում խաղաղ կարգավորման և նախագահների երկխոսության միջոցով քաղաքական լուծումների ձեռքբերման և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծման մասին, ինչպես նաև դատապարտվում է փակ սահմանների առկայությունը՝ նկատի է առնվում Թուրքիայի հետ ունեցած փակ սահմանը: Մնացած առումներով ընդհանուր մոտեցումներ են»,-ասաց նա:
Ի դեպ, Եվրանեսթ ԽՎ-ի նիստերն անցել են առանց Ադրբեջանի պատվիրակության, քանի որ նրանք դիմում են ներկայացրել, հրաժարվել են մասնակցել նիստերին:
Պատվիրակության ակտիվ անդամ Թևան Պողոսյանը նշեց, որ հաշվի առնելով, որ սահմանին լարված իրավիճակ էր, իրենք պատրաստել էին գործընկերների համար կոչ, որպեսզի զերծ մնալ զինադադարի խախտումից, ատելության բառապաշարի օգտագործումից: Ըստ նրա, պատվիրակությունը նաև կարողացել է պայմանավորվածության գալ, որ ԼՂՀ հիմնախնդիրը Եվրանեսթում չեն քննարկում, քանի որ դրա համար կա առանձին Մինսկի համանախագահների խումբ:
«Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերվել, որ ոչ մի ձևակերպում, որը կվնասի ԼՂ գործընթացին, այլևս չի դառնալու եմ Եվրանեսթում քննարկելու թեմա, ինչը մեր գլխավոր նպատակն էր: Սա երևի գլխավոր հաջողությունն էր, որ հասանք»,-ասաց նա:
Թևան Պողոսյանը նաև նշեց, որ իրենց գործընկեր համանախագահները ապրիլին պետք է մեկնեն Ադրբեջան, մեկ անգամ ևս բանակցեն Ադրբեջանի ղեկավարության հետ, որ այդուհանդերձ ադրբեջանցիները վերադառնան Եվրանեսթ:
«Բայց իրենց մոտ կա պարտավորություն, որ այդ խնդիրը սկզբից դնեն, նախ, որ հայկական կողմը հարգել էր և մասնակցել էր լիագումար նիստին Բաքվում, իսկ ադրբեջանցիները չէին մասնակցել Երևանում, երկրորդը, որ Ադրբեջանը դիմում է գրել, որ դուրս գա՝ հասկանալով, որ իր ցանկությունները չի կարող այս ֆորմատով անցկացնել, այս պարագայում մենք ևս մեկ անգամ ամրագրեցինք, որ իսկապես Եվրանեսթը նվիրվելու է բարեփոխումների ծրագրի ներդրմանը, ԵՄ ինստիտուտների ինտեգրման խնդիրներին, ԵՄ արժեքների տարածման ու համագործակցությանը»,-ասաց նա:










