Egypt Air-ի առևանգված ինքնաթիռում դեռևս 7 մարդ է մնում. առևանգողի՝ ավելի վաղ հայտնի դարձած անունը սխալ է

14:16 • 29.03.16

Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ Egypt Air ավիաընկերության առևանգված ուղևորատար ինքնաթիռում դեռևս 7 մարդ է մնում, հաղորդում է Sky News-ը: Նշվում է, որ ինքնաթիռում գտնվողների թվում երեք արտասահմանցի կա։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ինքնաթիռի ենթադրյալ առևանգողն ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Իբրահիմ Սամահան է: Սակայն Սամահայի կինը հերքել է, որ նրա ամուսինն է առևանգել ինքնաթիռը՝ բացատրելով, որ նրա ամուսինն ինքն է պատանդ դարձել և այնուհետև ազատ է արձակվել առևանգողի կողմից։ Կինը նաև ընդգծել է, որ ԶԼՄ-ներում տարածված լուսանկարում, որտեղ իբր երևում է ինքնաթիռի առևանգողը, իր ամուսինը չէ պատկերված։

 

Եգիպտոսի ավիացիայի նախարար Շերիֆ Ֆատհին լրագրողներին հայտնել է, որ օդանավն առևանգողը կոնկրետ պահանջներ չի ներկայացրել։

 

BBC-ն ավելի վաղ հայտնել է, որ իր հետ զրույցում Իբրահիմ Սամահան հերքել է, որ ինքն է առևանգել օդանավը և հայտնել է, որ նա պարզապես եղել է ուղևորներից մեկը։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ առևանգողը, սպառնալով ինքնաթիռի անձնակազմին և ուղևորներին մահապարտի գոտիով, պահանջել է փոխել ինքնաթիռի ընթացքը, որն ընթանում էր Ալեքսանդրիա-Կահիրե ուղղությամբ, և ստիպել է օդաչուներին վայրէջք կատարել Կիպրոսում՝ Լառնակայի օդանավակայանում։ Նա այնուհետև ազատ է արձակել ուղևորների մեծ մասին և այժմ իշխանությունների հետ բանակցություններ է վարում եգիպտոսցի օդաչուի միջոցով։

 

Egypt Air-ի առևանգված ինքնաթիռում դեռևս 7 մարդ է մնում. առևանգողի՝ ավելի վաղ հայտնի դարձած անունը սխալ է