ԻՊ-ը ստանձնել է Դաղստանում երկու ավտոմեքենաների պայթեցման պատասխանատվությունը (տեսանյութ)
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Դաղստանում ինքնաշեն պայթուցիկ սարքի օգնությամբ երկու ավտոմեքենաների պայթեցման պատասխանատվությունը, հայտնում է Reuters գործակալությունը:
Պայթյունի հետևանքով մահացել է մեկ ոստիկան, ևս երկուսը վիրավորվել են:
«Պայթուցիկ սարքի տեսակը դեռ չի որոշվել»,- գործակալությանը հայտնել է Դաղստանի ոստիկանության ներկայացուցիչ Ֆատինա Ուբայդատովան:
Գործակալության տվյալներով՝ ԻՊ-ը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ այդ հարձակման հետևում կանգնած են իրենց տեղացի գրոհայինները: Նրանց տվյալներով՝ զոհվել է 10 մարդ: Այնուամենայնիվ, այդ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել: Reuters-ը նույնպես չի հաստատում այդ տվյալների հավաստիությունը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ անհայտ անձինք երկու պայթյուն են իրականացրել «Կովկաս» դաշնային մայրուղու 835-րդ կմ-ի վրա այն պահին, երբ ճանապարհով անցնելիս է եղել ՌԴ ՆԳՆ-ին կից Դաղստանի Հանրապետության գծով Ժամանակավոր օպերատիվ խմբի ծառայողական մեքենաների շարասյունը:










