EgyptAir-ի ինքնաթիռն առևանգողը կալանքի տակ է առնվել

13:31 • 30.03.16

Կիպրոսի դատարանը Եգիպտոսի քաղաքացի Սաիֆ էլ-Դին Մուստաֆային 8-օրյա կալանքի տակ առնելու մասին որոշում է կայացրել. նա նախօրեին առևանգել էր EgyptAir ավիաընկերության ինքնաթիռը և պարտադրել օդաչուներին վայրէջք կատարել Լառնակայի օդանավակայանում, հաղորդում է BBC-ն։

 

Նրան դեռևս պաշտոնական մեղադրանքներ չեն ներկայացվել, դա տեղի կունենա այն բանից հետո, երբ նա պաշտոնապես կկանգնի դատարանի առաջ։

 

Մուստաֆային կասկածում են օդանավի առևանգման, ապօրինի կերպով պայթուցիկ պահելու, մարդկանց առևանգման և բռնության սպառնալիքի համար։

 

Ալեքսանդրիա-Կահիրե MS181 չվերթն իրականացնող A320 ինքնաթիռն առևանգվել էր երեքշաբթի առավոտյան՝ թռիչքից անմիջապես հետո։ Օդանավը վայրէջք է կատարել Կիպրոսում:

 

ԶԼՄ-ների հաղորդած տեղեկությունների համաձայն՝ առևանգողը սպառնացել է անձնակազմին պայթեցնել մահապարտի իր գոտին:

 

Վայրէջքից հետո առևանգողն ազատ է արձակել ինքնաթիռում գտնվող ուղևորների մեծ մասին:

Մի քանի ժամ անց Սաիֆ էլ-Դին Մուստաֆան ձերբակալվել է հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների կողմից: Դրանից առաջ ինքնաթիռից կարողացել են դուրս գալ բոլոր պատանդները:

 

Կիպրոսի իշխանությունները պարզել են, որ մահապարտի գոտին, որն իր վրա կրել է առևանգողը, կեղծ է եղել։

EgyptAir-ի ինքնաթիռն առևանգողը կալանքի տակ է առնվել