Նիդեռլանդները Բրյուսելի ահաբեկչություններից օրեր առաջ զգուշացրել է Բելգիային մահապարտների մասին

12:33 • 30.03.16

Բելգիան անտեսել է Նիդեռլանդների փոխանցած տեղեկությունը Բրյուսելում մարտի 22-ին ահաբեկչություններ իրականացրած Իբրահիմ և Հալիդ էլ-Բաքրաուի եղբայրների վտանգավորության մասին։ Այդ մասին հայտարարել է Նիդեռլանդների անվտանգության և արդարադատության նախարար Ար վան դե Ստերը խորհրդարանի նիստի ժամանակ, հաղորդում է Deutsche Welle-ն։

 

Նախարարի խոսքով՝ Բրյուսելի ահաբեկչություններից վեց օր առաջ Նիդեռլանդները Հետաքննությունների դաշնային բյուրոյից էլ-Բաքրաուի եղբայրների վերաբերյալ նախազգուշացում է ստացել։ Իբրահիմ էլ-Բաքրաուին եղել է ահաբեկիչների ամերիկյան ցանկում 2015 թվականի սեպտեմբերի 25-ից: Հոլանդական իշխանություններն այդ տեղեկությունները փոխանցել են բելգիացի գործընկերներին մարտի 17-ին։

 

Իրենց հերթին՝ Բելգիայի իշխանությունները հայտարարել են, որ մահապարտների մասին Նիդեռլանդներից ոչ մի տվյալ չեն ստացել:

 

Ավելի վաղ Թուրքիան մեղադրել է Բելգիայի հատուկ ծառայություններին Հալիդ էլ-Բաքրաուիի մասին նախազգուշացումներն անտեսելու համար։ Թուրքական իշխանությունները նրան ձերբակալել են 2015 թվականի հունիսին Սիրիայում իսլամիստներին միանալու փորձի կասկածանքով և հետ են ուղարկել Ամստերդամ: Այդ տեղեկությունը փոխանցվել է բելգիական ոստիկանությանը, քանի որ էլ-Բաքրաուին Բելգիայի քաղաքացի է եղել:

 

Հիշեցնենք, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է 32 մարդ, ևս 250-ը ստացել են վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

 

Նիդեռլանդները Բրյուսելի ահաբեկչություններից օրեր առաջ զգուշացրել է Բելգիային մահապարտների մասին