Բրյուսելի ահաբեկիչները կարող էին ահաբեկչություն պլանավորել երկրի վարչապետի դեմ
Բրյուսելում մարտի 22-ին ահաբեկչություն իրականացրած ծայրահեղականները կարող էին ահաբեկչական գործողություն պլանավորել Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի դեմ։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, զինյալներից մեկի համակարգչում տեղեկություն է հայտնաբերվել վարչապետի նստավայրի մասին։
RTBF հեռուստաընկերությունը «հուսալի աղբյուրների» հղումով հայտնում է, որ Դե լա Լուա 16 հասցեում գտնվող վարչապետի նստավայրի լուսանկարն է եղել համակարգչում։
«Համակարգիչը գցված է եղել Սկարբեք շրջանի Մարի Ռոզ փողոցում՝ ահաբեկիչների թաքստոցի մոտ»,-ասված է հաղորդագրության մեջ։
RTBF-ն հիշեցնում է, որ այն թաղամասում, որտեղ տուն էին վարձակալել ահաբեկիչները և որտեղից մարտի 22-ին մեկնել էին Բրյուսելի օդանավակայան՝ ահաբեկչություն իրականացնելու համար, մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել։
Այժմ ահաբեկիչների համակարգչի տեղեկատվությունը վերլուծելու են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների մասնագետները, որոնք բելգիացիներին օգնում են ահաբեկչությունների քննության հարցում։
Հաղորդվում է, որ այդ տվյալներով պայմանավորված՝ Բրյուսելի կառավարական շենքերի, ներառյալ՝ Բելգիայի խորհրդարանի մոտ ուժեղացվել է հսկողությունը։
Հիշեցնենք, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է 32 մարդ, ևս 250-ը ստացել են վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:










