Սալահ Աբդեսլամը հայտարարել է Ֆրանսիայի իշխանությունների հետ համագործակցելու պատրաստակամության մասին
Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամը հայտարարել է ֆրանսիական իշխանությունների հետ համագործակցելու պատրաստակամության մասին։ Այդ մասին հայտարարել է Աբդեսլամի փաստաբանի գործընկեր Սեդրիկ Մուասը՝ iTele հեռուստաալիքի եթերում։
Մուասի խոսքով՝ Սալահը «ցանկանում է համագործակցել ֆրանսիական իշխանությունների հետ», ինչպես նաև՝ «փոխանցվել ֆրանսիական իշխանություններին»։
Ավելի վաղ ձերբակալվածի փաստաբան Սվեն Մարին հայտարարել է, որ Բելգիայում Փարիզի ահաբեկչություններին ներգրավվածության կասկածանքով ձերբակալված Սալահ Աբդեսլամը դադարել է համագործակցել քննության հետ՝ Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում տեղի ունեցած պայթյուններից հետո:
Սալահ Աբդեսլամը ձերբակալվել է մարտի 18-ին՝ Բրյուսելում ոստիկանական հատուկ գործողության ժամանակ: Նա Փարիզի ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալն է: Քննությունը կասկածում է, որ հենց Աբդեսլամն է եղել Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչը, որոնց հետևանքով մահացել է 130 մարդ:










