Ռուսական C-400 համակարգերը Սիրիային փոխանցելու հարց չի քննարկվում. Ասադ
Ռուսական C-400 համակարգերը, որոնք այժմ տեղակայված են Սիրիայի «Հմեյմիմ» ռազմաբազայում, Դամասկոսին հանձնելու մասին դեռ խոսք չկա։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում։
«Ոչ, այս պահին С-400-ների հանձնման մասին խոսք չկա»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե տեսականորեն հնարավո՞ր է, որ այդ համակարգերը փոխանցվեն Սիրիային։
Խոսելով Սիրիայում ռուս զինվորականների ներկայության մասին՝ Ասադը տեսակետ է հայտնել, որ որոշներն «անհանգստանում են, քանի որ ռուսական ներկայությունը պայքարում է ահաբեկիչների դեմ»։
«Իսկ եթե նախագահ Պուտինը որոշեր իր ուժերն ուղարկել ահաբեկիչներին օգնելու համար, նրան կծափահարեին։ Ահա թե որն է արևմտյան երկրների հետ խնդիրը։ Կա նաև մեկ այլ կողմ. նրանք չեն ցանկանում, որ Ռուսաստանը ներկա լինի միջազգային հարթակում՝ ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմական, ո՛չ տնտեսական առումով»,-ասել է նա։










