Դատարանի կողմից արդարացված սերբ ծայրահեղականների առաջնորդ Շեշելը մտադիր է 14 մլն եվրո փոխհատուցում պահանջել

17:38 • 31.03.16

Դատարանի կողմից արդարացված սերբ ծայրահեղականների առաջնորդ Վոիսլավ Շեշելը մտադիր է 14 միլիոն եվրո փոխհատուցում պահանջել նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային դատարանից, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Այդ մասին նա հայտարարել է դատավճռի հրապարակումից հետո Բելգրադում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Նա պատմել է, որ 2012 թվականին արդեն 12 միլիոն եվրոյի փոխհատուցման պահանջ է ներկայացրել։ Այժմ Շեշելը կարող է այդ պահանջը լրացնել ևս երկու միլիոնով։

 

Քաղաքական գործչի խոսքով՝ դատավճռի սպասման տարիներին նա ծանր տառապանքներ է կրել։ Հաագայում տրիբունալի բանտում նա հիվանդություններ է ձեռք բերել, ինչն, իր խոսքով, պետք է փոխհատուցվի։

 

Վճարված միջոցները նա պատրաստվում է ծախսել իր կուսակցության ֆինանսավորման, բարեգործության և սերբական դասական գրականության գրքերի հրատարակման վրա։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային տրիբունալը Սերբական ծայրահեղական կուսակցության առաջնորդ Վոիսլավ Շեշելին անմեղ է ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով: Վոիսլավ Շեշելը 2003 թվականին մեղադրվել է 1990-ականների սկզբին խորվաթների և մահմեդականների դեմ հանցագործություններ կատարելու համար, դատախազները նրա համար պահանջում էին 28 տարվա ազատազրկում։

Նա միշտ հերքել է Խորվաթիայում և Բոսնիայում 1991 թվականի օգոստոսից մինչև 1993 թվականի սեպտեմբեր ռազմական հանցագործությունների իրականացման գործում իր մասնակցությունը:

Անցած տարի միջազգային տրիբունալը հետ է կանչել նրա ազատ արձակման մասին իր կայացրած որոշումը։ Շեշելը ժամանակավորապես ազատ էր արձակվել տրիբունալի կողմից, քանի որ քաղցկեղից բուժման կարիք ուներ։
 

Դատարանի կողմից արդարացված սերբ ծայրահեղականների առաջնորդ Շեշելը մտադիր է 14 մլն եվրո փոխհատուցում պահանջել