ԵՄ հանձնաժողովը խորհրդատվություններ կտա օդանավակայանների անվտանգության վերաբերյալ

16:43 • 31.03.16

Քաղավիացիայի անվտանգության հարցերով Եվրամիության հանձնաժողովը Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների առնչությամբ հինգշաբթի օրը կայանալիք արտահերթ նիստում կքննարկի ԵՄ երկրներում օդանավակայանների անվտանգության հետ կապված իրավիճակը և կմշակի համախատասխան խորհրդատվություններ։ Այդ մասին հայտնել է տրանսպորտի հարցերով եվրահանձնակատար Վիոլետա Բուլցը, գրում է РИА Новости-ն:

 

«Նրանք կքննարկեն այն ամենը, ինչ հանգեցրել է ողբերգական դեպքերի, և խորհրդատվություններ կպատրաստեն: Ես կշարունակեմ այս թեման քննարկել տրանսպորտի նախարարների հետ ապրիլին Ամստերդամում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում: Դա կքննարկվի նաև հունիսին տրանսպորտի հարցերով ԵՄ խորհրդի հերթական նիստում»,- ասել է նա լրագրողներին։

 

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է 32 մարդ, ևս 250-ը ստացել են վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

 

 

ԵՄ հանձնաժողովը խորհրդատվություններ կտա օդանավակայանների անվտանգության վերաբերյալ