Ռուսաստանն Ինտերպոլին նոր նյութեր է փոխանցել Խոդորկովսկու գործի վերաբերյալ

15:35 • 31.03.16

Ռուսաստանի գլխավոր դատախազությունն Ինտերպոլին լրացուցիչ նյութեր է փոխանցել «ՅՈւԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու վերաբերյալ՝ փորձելով հասնել նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելուն, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

«Կօգտագործենք դրա համար գոյություն ունեցող բոլոր մեխանիզմներն ու ընթացակարգերը»,- «Известия» թերթին ասել է գերատեսչության միջազգային իրավական համագործակցության վարչության ղեկավար Սահակ Կարապետյանը:

 

Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է հասնել արտասահմանում գտնվող «ՅՈւԿՕՍ»-ի գործով բոլոր մեղադրյալների և հեռակա կարգով դատապարտվածների արտահանձնմանը։

 

Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերին ռուսական քննությունը հեռակա կարգով Խոդորկովսկուն մեղադրանք է առաջադրել: Քննիչները կարծում են, որ գործարարը ներգրավված է 1998 թվականին Նեֆտեյուգանսկի քաղաքապետի սպանության մեջ: Խոդորկովսկին իր մեղքը հերքում է և նոր գործի հարուցումը կապում է իր քաղաքական ակտիվության հետ։

 

Ռուսաստանն արդեն փորձել է ձեռնարկատիրոջ նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել Ինտերպոլով, սակայն կազմակերպությունը ռուսական քննչական մարմինների այդ դիմումը մերժել է: