Հաագայի տրիբունալն արդարացրել է սերբ ազգայնական քաղաքական գործիչ Շեշելին
Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային տրիբունալը Սերբական ծայրահեղական կուսակցության առաջնորդ Վոիսլավ Շեշելին անմեղ է ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Շեշելն այժմ ազատ մարդ է»,- վճռել է նախագահող դատավոր Ժան-Կլոդ Անտոնետին:
Վոիսլավ Շեշելը 2003 թվականին մեղադրվել է 1990-ականների սկզբին խորվաթների և մահմեդականների դեմ հանցագործություններ կատարելու համար, դատախազները նրա համար պահանջում էին 28 տարվա ազատազրկում։
Նա միշտ հերքել է Խորվաթիայում և Բոսնիայում 1991 թվականի օգոստոսից մինչև 1993 թվականի սեպտեմբեր ռազմական հանցագործությունների իրականացման գործում իր մասնակցությունը:
Անցած տարի միջազգային տրիբունալը հետ է կանչել նրա ազատ արձակման մասին իր կայացրած որոշումը։ Շեշելը ժամանակավորապես ազատ էր արձակվել տրիբունալի կողմից, քանի որ քաղցկեղից բուժման կարիք ուներ։










