Թուրքական բանակը դատի կտա նրան, ով Էրդողանի դեմ նախապատրաստվող հեղաշրջման մասին բամբասանքներ կտարածի
Թուրքական բանակը հայտարարել է, որ չի պատրաստվում հեղաշրջում իրականացնել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, և սպառնացել է դատական հայց ներկայացնել ցանկացած մեկի դեմ, ով հակառակն է պնդում, գրում է The Guardian-ը:
Նման հայտարարության նպատակն է վերջ դնել Թուրքիայում ռազմական հեղաշրջման հնարավորության վերաբերյալ խոսակցություններին՝ մինչ Էրդողանը գտնվում է ԱՄՆ-ում։
Բանակն իր կայքում հայտնել է, որ նման «անհիմն լուրերը» վնաս են հասցնում մարտական ոգու պահպանմանը՝ չվկայակոչելով կոնկրետ հրապարակումներ:
Լրատվամիջոցը նշում է, որ պատմության ընթացքում թուրքական բանակը երեք ընտրված կառավարություն է վտարել: Սակայն բանակի ուժը 2003 թվականին Էրդողանի վարչապետ դառնալուց հետո զգալիորեն նվազել է՝ մի շարք քայլերի հետևանքով:
Էրդողանը Թուրքիա է վերադառնալու կիրակի օրը:










