«4+4+4»-ը քննարկում էր նույնականացման քարտերով քվեարկելու հարցը
Վեճից հետո ընտրական օրենսգրքի քննարկման «4+4+4»-ի մասնակիցներն անցան բովանդակային քննարկման, որի օրակարգի հարցն այն էր, թե ընտրողների ցուցակում պետք է լինեն միայն այն մարդիկ, որոնք ունեն նույնականացման քարտեր, թե դրանում բոլորն էլ ընդգրկված են լինելու, բայց քվեարկելու իրավունք ունենալու են միայն նրանք, որոնք ունեն նույնականացման քարտ:
Հարցին պատասխանած ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը նկատեց. «Եթե քվեարկության այն համակարգն է, որը նախատեսված է, ցուցակում լինելը ոչինչ չի նշանակում, որովհետև եթե չունեն նույնականացման քարտ, չեն կարողանալու քվեարկել»:
Նաիրա Զոհրաբյանն էլ հարցրեց. ի՞նչ է անելու ՀՀ այն քաղաքացին, որն արտերկրում է ապրում ու վերջին պահին է ժամանում Հայաստան, մասնակցելո՞ւ է ընտրությանը, թե՝ ոչ:
Այս անգամ էլ հարցին պատասխանեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ ասելով, որ էլեկտրոնային ցուցակում՝ ռեգիստրում եթե լինի էլ, կարևոր չէ, քանի որ չի կարողանալու քվեարկել առանց նույնականացման քարտի:
Դավիթ Հարությունյանը նկատեց, որ իր համար մի քիչ տարօրինակ է այս հարցի քննարկումը, քանի որ նախորդ նիստին ժամանակ տեղեկացվել էր հետևյալը:
«Մենք ասացինք, որ որևէ խնդիր չենք տեսնում միայն նույնականացման հարցին անցնելուն։ Մենք ինքներս կողմնակից կլինենք, եթե դա տեխնիկապես հնարավոր լինի, դա թանկ հաճույք է և ճիշտ կլինի, որ մենք բոլոր քաղաքական ուժերով համատեղ դիմենք դոնոր հասարակությանը, այդ պահին պարզվեց, որ ձեր թիմում չկա միասնական կարծիք, մի մասը կողմ է, մի մասը՝ դեմ»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ հարցնելով՝ եկե՞լ են միասնական դիրքորոշման, թե՝ ոչ:
Պատասխան չհնչեց, բացի այն, որ ՀԱԿ-ը ներկայացնող Լևոն Զուրաբյանը նկատեց. «ՀԱԿ-ի դիրքորոշումն այս հարցում ցանկանում եմ հստակ հայտնել. մենք ոչ թե դեմ ենք նույնականացման քարտերին, միասնական փաստաթղթով քվեարկությանը, այլ մենք դեմ ենք ցանկացած էլեկտրոնային համակարգի ներմուծմանը ընտրական պրոցեսի մեջ, լինի գրանցման, քվեարկության, թե հաշվառման նպատակով: Եվ մեր դիրքորոշում պայմանավորված է մի շարք հանգամանքներով»:
Առաջինն այն է, որ ՀԱԿ-ը ստեղծել է տեխնոլոգիական մի խումբ, որն ուսումնասիրել է տարբեր երկրներում այդ փորձը, հանդիպել ոլորտի մասնագետների հետ և պարզ ասվել է, որ որևէ համակարգի ներդրումը պահանջում է առնվազն 3-4 տարի ժամանակ, որ դա հուսալի լինի:
«Ցանկացած լուրջ մասնագետ կհրաժարվի մեկ տարում կառուցել էլեկտրոնային համակարգ, և Ձեր կողմից հրավիրված Գրիմերն ասաց, որ եթե իշխանությունն ունի ընտրակեղծարարության փորձ, ապա այն այդ համակարգով կկրկնապատկվի»:
Ի պատասխան՝ Հրայր Թովմասյանը կոչ արեց Գրիմերին մեկնաբանել մինչև վերջ, այսինքն՝ նա ասել է էլեկտրոնային ամբողջական համակարգ, «որովհետև դա լոկալ փոքրիկ սարք է, դրա համար երեք տարի պետք չէ»:
Քննարկմանը խառնվեցին Դաշնակցությունից Աղվան Վարդանյանն ու Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ պետք է անցնել բուն քննարկմանը, ոչ թե մի բանը հազար անգամ ասել:
Նշենք, որ իշխանությունը ԸՕ-ի երկրորդ «4+4+4»-ի քննարկմանը «6»-ի ձևաչափով էր ներկայացել. Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Հարությունյան, Հովհաննես Սահակյան, Հրայր Թովմասյան, Աղվան Վարդանյան, Արմեն Ռուստամյան կազմով:
Հիշեցենք, որ ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քննարկմանը նվիրված «4+4+4» ձևաչափով այսօրվա քննարկումը ևս ընթացավ բուռն մթնոլորտում, երբ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ներողություն խնդրեց լրագրողներից՝ իր կամքից անկախ նախորդ նիստին անհավասար պայմաններ ստեղծելու համար, երբ որոշվել է, որ հանդիպումը փակ է և բոլոր լրագրողերը դուրս են հրավիրվել, նիստն արձանագրային տեսքով և խիստ մանրամասն հրապարակվել է միայն մեկ լրատվամիջոցում:










