Բողոքի ակցիաներով հայտնի Ֆերգյուսոնի ոստիկանապետ է նշանակվել սևամորթ ոստիկան
Սևամորթ ոստիկանն ամերիկյան Միսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքի իրավապահ բաժնի ղեկավար է դարձել։ Հիշեցնենք, որ այս քաղաքում մեկուկես տարի առաջ զանգվածային բողոքի ակցիաներ էին անցկացվել ոստիկանի կողմից աֆրոամերիկացու սպանության առնչությամբ, հաղորդում է AP-ն:
Քաղաքի ոստիկանապետ է դարձել Մայամիից 51-ամյա մայոր Դելրիշ Մոսը, ով այսուհետ կղեկավարի հիմնականում սպիտակամաշկ ոստիկաններից բաղկացած վարչությունը։
«Դա երկար և լարված գործընթաց էր, բայց մենք կարծում ենք, որ մայոր Մոսը ճիշտ ընտրություն է»,- հայտարարել է քաղաքապետ Ջեյմս Նոուլեսը:
Հիշեցնենք, որ 2014 թվականին Ֆերգյուսոնում սպիտակամաշկ ոստիկան Դարեն Ուիլսոնը սպանել է 18-ամյա աֆրոամերիկացի Մայքլ Բրաունին: Դատարանն արդարացրել էր ոստիկանին, ինչն առաջացրել էր սևամորթ բնակչության և իրավապաշտպանների վրդովմունքը։










