4+4+4-ի երկրորդ քննարկումն ընթացավ թեժ մթնոլորտում, այս անգամ՝ բաց ռեժիմով

18:52 • 01.04.16

ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քննարկմանը նվիրված 4+4+4 ձևաչափով այսօրվա քննարկումը ևս ընթացավ բուռն մթնոլորտում:

 

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ներողություն խնդրեց լրագրողներից՝ իր կամքից անկախ նախորդ նիստին անհավասար պայմաններ ստեղծելու համար: Այսինքն՝ երբ որոշվել է, որ հանդիպումը փակ է և բոլոր լրագրողերը դուրս են հրավիրվել, նիստն արձանագրային տեսքով և խիստ մանրամասն հրապարակվել է միայն մեկ լրատվամիջոցում:

 

«Որովհետև այդտեղ տեղի ունեցածը չէր կարող դուրս գալ և դառնալ մեկ լրատվամիջոցի սեփականություն։ Մենք որևէ խնդիր չունենք, բաց բոլոր լրագրողները հավատարմագրված են ԱԺ-ում, և ես ներողություն եմ խնդրում»,-ասաց Հրայր Թովմասյանը:

 

ԲՀԿ-ն ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ տեղի է ունեցել անպարկեշտ բան, երբ խախտվել է ջենթլմենական պայմանավորվածությունը ու ավելացրեց. «Ես կարծում եմ, որ նա, ով խախտել է պայմանավորվածությունը, առնվազն տղամարդ կոչվելու իրավունք չունի»։

 

«Հայ ազգային կոնգրեսը» ներկայացնող Լևոն Զուրաբյանը նկատեց. «Իսկ ի՞նչ գիտեք, որ տղամարդ է»:

 

Սրան արձագանքեց «Քաղաքացի դիտորդ» կազմակերպությունը ներկայացնող Տիգրան Եգորյանը. «Իրականացրել է ձայնագրություն ու լավ է արել, որ տրամադրել է այն լրատվամիջոցին, քանի որ պայմանավորվածություն՝ ո՛չ ջենտլմենական, ո՛չ էլ ոչ ջենտլմենական չի եղել»:

 

Մի քանի րոպե վիճաբանելուց հետո կողմերը պայմանավորվեցին, որ այդ դեպքում, այս անգամ լրագրողները մնում են քննարկմանը՝ այն բաց է լինելու:




 

4+4+4-ի երկրորդ քննարկումն ընթացավ թեժ մթնոլորտում, այս անգամ՝ բաց ռեժիմով