Կարեն Վարդանյանի սպանության մեջ կասկածվողներից մեկը նրա հարևանն է, ով համոզել էր տունն իր անունով դարձնել. Դանիել Իոնիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունում որպես գլխավոր փորձագետ աշխատող Կարեն Վարդանյանի սպանության մեջ կասկածվող երկու անձանցից Գևորգ Զոհրաբյանը նրա հարևանն էր և համոզել էր Կարենին տունն իր անունով դարձնել: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ նույն ՀԿ նախագահ Դանիել Իոնեսյանից:
«Նա պարբերաբար այցելում էր Կարենին, չարաշահել էր նրա վստահությունը, համոզել էր, որ նրա բնակարանը դարձնի իր անունով, և Դուբայ մեկնելուց առաջ նրան օդանավակայան տանելու փոխարեն տարել սպանել է: Սարքել է այնպես, որպեսզի բոլորը մտածեն, որ Կարենը Դուբայում կորել է»,-ասաց նա:
Հարցին, թե ինչու պետք է Կարենը իր բնակարանը փոխեր հարևանի անունով, Դանիել Իոնեսյանը պատասխանեց, որ Կարեն Վարդանյանը իր անունով 300 հազ. դրամի կալանք ուներ, և որպեսզի այն բնակարանի վրա չտարածվեր, հարևանը համոզել էր ժամանակավոր բնակարանը դարձնել իր անունով:
Սպանության մեջ կասկածվող մյուս երիտասարդին՝ Արթուր Միհրանյանին, Դանիել Իոնեսյանը նշեց, որ չի տեսել Կարեն Վարդանյանի հետ և չի ճանաչում:
Հիշենենք, որ Կարենը անհետացել էր մարտի 17-ից, ոստիկանությունն այսօր հայտնաբերել է նրան ավտոտնակում՝ սպանված:










