Կա ազգայնականների և իսլամիստ երիտասարդների միջև բախումների վտանգ. Բրյուսելի իշխանություններ
Բրյուսելի իշխանությունները նախազգուշացրել են շաբաթ օրը Մոլենբեկում ազգայնականների և իսլամիստ երիտասարդների միջև բախումների վտանգի մասին, հաղորդում է RTBF հեռուստաալիքը։
Ողջ Եվրոպայից աջ ծայրահեղական ազգայնական կազմակերպությունների ներկայացուցիչները պատրաստվում են միգրացիայի և ահաբեկչության դեմ բողոքի զանգվածային ակցիա անցկացնել Բրյուսելի Մոլենբեկ արվարձանում, որտեղ ապրում է Մերձավոր Արևելքից ժամանած ներգաղթյալների զգալի մասը։
«Չնայած, որ ակցիան արգելել են քաղաքի իշխանությունները, Մոլենբեկի արվարձանի բուրգոմիստրը մտավախություն է հայտնել, որ մի քանի տասնյակից մինչև մի քանի հազար աջ ծայրահեղականներ կարող են հավաքվել Բրյուսելում»,- հայտնել է հեռուստաալիքը:
Բուրգոմիստրը կոչով դիմել է Մոլենբեկի երիտասարդությանը՝ «շաբաթ օրը մնալ տներում, հանգստություն պահպանել և խուսափել ազգայնականների հետ բախումներից»: Ոչ մեկ, սակայն, չի սպասում, որ այդ կոչին կհետևեն: Այդ առնչությամբ Բրյուսելի իշխանությունները պատրաստում են տեղի ոստիկանության ստորաբաժանումներ՝ ազգայնականների խմբերի շարժն արգելափակելու համար:










